Լոռու մարզում 26-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ փականագործին. ՔԿ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում ժամանակավորապես բնակվող 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ փականագործին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

«Հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊԸ Վանաձորի տեղամասում որպես փականագործ, սպասարկել է Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը: Փականագործը վերջին անգամ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված «MERCURY» մոդելի 12 լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՔԿ–ի` նա նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ: Արդյունքում` 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված թույնի հետևանքով 26-ամյա կինը մահացել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փականագործին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս