Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը

Հութիներն օգոստոսի 3-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) գրասենյակը և առգրավել այնտեղ գտնվող փաստաթղթերն ու փոխադրամիջոցները: Այս մասին ասվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի՝ օգոստոսի 13-ի հայտարարության մեջ:

«Առանց թույլտվության ՄԱԿ-ի գրասենյակ մուտք գործելը և ուժով փաստաթղթերն ու ունեցվածքը վերցնելը լիովին հակասում են ՄԱԿ-ի արտոնություններին և անձեռնմխելիությանը: Դա նաև լուրջ գրոհ է ՄԱԿ-ի մանդատն իրականացնելու կարողության վրա, ներառյալ մարդկանց իրավունքների խրախուսման ու պաշտպանության առումով, որոնց պաշտպանությանն է կոչված իմ գրասենյակը»,- ​​ասված է փաստաթղթում։

Թյուրքը պարզաբանում է, որ այս իրավիճակը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, և որ ՄԱԿ-ի աշխատակիցներին ստիպել են հանձնել փաստաթղթերը, ավտոմեքենաներն ու գրասենյակի բանալիները։«Անսար Ալլահ»-ի (հութիներ) ուժերը պետք է անհապաղ ազատեն տարածքը և վերադարձնեն ողջ ունեցվածքը»,- հավելել է գերագույն հանձնակատարը:

Նա ընդգծել է, որ հունիսի 6-ին և 7-ին Եմենում ձերբակալվել է ՄԱԿ-ի 13 աշխատակից, այդ թվում՝ ՄԻԳՀՎ-ի 6 աշխատակից։ ՄԱԿ-ի ևս 2 աշխատակից հութիների կողմից ձերբակալվել է 2021 թ. նոյեմբերից մինչև 2024 թ. հունիսն ընկած ժամանակաշրջանում։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, հութիները ձերբակալել են հասարակական կազմակերպությունների և դեսպանատների ավելի քան 50 աշխատակցի։ Ձերբակալված աշխատակիցներին ազատ արձակելու՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ կոչերն անտեսվել են։

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 10-ին հայտարարել էր ԱՄՆ հետախուզական վարչության հետ կապված լրտեսական խմբի ձերբակալության մասին, որը մեղադրվում է տասնամյակներ շարունակ Եմենում հետախուզական և դիվերսիոն գործունեություն իրականացնելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս