«Վրացական երազանք»-ն ապավինում է կեղծ զանգերի կենտրոնների սև փողերին. Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ-ի «Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը»՝ Հելսինկյան հանձնաժողովը, X սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «կեղծ զանգերի կենտրոններից» սև փողերի օգտագործման մասին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

««Վրացական երազանք»-ն իր գործունեությունը ֆինանսավորելու և ընդդիմությանը ճնշելու համար հենվում է աշխարհի տարբեր կողմերում գործող կեղծ զանգերի կենտրոնների ցանցի սև փողերին»,- գրել է Հելսինկյան հանձնաժողովը:

Հանձնաժողովը ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է արել դիմակայել նման զանգերի կենտրոններին, «որոնք ֆինանսավորում են վրաց ժողովրդի դեմ «Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական արշավը։

Ի դեպ, «Վրացական երազանք»-ի կողմից կեղծ զանգերի կենտրոնների օգտագործման մասին խոսվում էր նաև Հելսինկյան հանձնաժողովի անդամ ամերիկացի կոնգրեսականների նամակում, որում նրանք հուլիսի 31-ին դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պահանջել էին պատժամիջոցներ կիրառել իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը կառավարական հանձնաժողով է, որը խթանում է մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը Եվրոպայի, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 երկրների միջև: Հանձնաժողովի ինը ներկայացուցիչներ Սենատի անդամներ են, ինը` Ներկայացուցիչների պալատի անդամներ, երեքը` գործադիր իշխանության պաշտոնյաներ:

Տեսանյութեր

Լրահոս