Փեզեշքիանը Շոլցին հայտնել է, որ Իրանն ագրեսորներին պատասխանելու իրավունք ունի

Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ փոխգործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշման և, միջազգային դրույթներին համապատասխան, իրավունք ունի պատասխանելու ագրեսորներին: Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ողջունելով բոլոր երկրների հետ փոխգործակցության զարգացումը և ընդգծելով խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ Իրանը երբեք չի ենթարկվի ճնշման, պատժամիջոցների, հարկադրանքի և ագրեսիայի, ավելին, միջազգային դրույթներին համապատասխան, նա իր իրավունքն է համարում պատասխան տալ ագրեսորներին»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իր հերթին Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Գերմանիան ցանկանում է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա հավելել է, որ իր երկրի առաջնահերթություններից մեկը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումն է։ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել նաև Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։

Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:

Իսրայելը պաշտոնապես ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։ Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս