ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանն առաջիկա օրերին կհարձակվի Իսրայելի վրա

Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։

Ըստ պաշտոնյայի՝ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն ​​տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։

Քիրբիի խոսքով՝ հենց այդ պատճառով է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանում ուժերի վերադասավորում անում։ «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, և տվյալ պահին դժվար է հստակ ասել, թե ինչպիսին կլինի Իրանի և/կամ նրա պրոքսիների հարձակումը, եթե նման հարձակում լինի։

Բայց մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր մի շարք նշանակալի հարձակումների, այդ պատճառով, ևս մեկ անգամ կրկնում եմ, մենք վերջին մի քանի օրերին մեծացրել ենք մեր ուժերի ներկայությունը և կարողությունները տարածաշրջանում», – ասել է Քիրբին։

Axios լրատվական հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 11-ին հայտնել էր, որ ըստ Իսրայելի հետախուզության նոր գնահատումների՝ Իրանն ուղղակի հարձակում է գործելու Իսրայելի վրա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մինչև օգոստոսի 15-ը, որբ նախատեսված են Գազայի հատվածում հրադադարի հասնելու շուրջ բանակցություններ։

Տեսանյութեր

Լրահոս