Բաժիններ՝

«Թիմերում աշխատող բժիշկները պետք է նորմալ վարձատրվեն, որպեսզի ցանկություն ունենան գալ սպորտային բժշկության ոլորտ». հավաքականի բժիշկ

Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը խոսել է Փարիզ-2024-ում Հայաստանը ներկայացրած մարզիկների արդյունքներից ու Հայաստանում սպորտային բժշկության ոլորտում առկա խնդիրներից: «Ընդհանուր առմամբ` գուցե, այս Օլիմպիական խաղերը լավ էին կազմակերպված: Միշտ էլ ցանկացած մրցաշարում բացթողումներ լինում են:

Սա իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են, և ամեն տեղ էլ ինչ-որ բան այն չի լինում: Հայաստանի օլիմպիական հավաքականը շատ պատրաստված էր ներկայացել Փարիզ-2024-ին. խոսքը մարզիկների առողջական վիճակի մասին է:  Մենք հնարավորություն ունեինք ավելի լավ հանդես գալու, բայց իմ գովասանքի խոսքն եմ ասում մեր հավաքականի յուրաքանչյուր մասնակցի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսինյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի օլիմպիական հավաքականն իր ունեցած ներուժով մյուս թիմերից հետ չի մնացել:

«Այն արդյունքը, որը գրանցել են հայ մարզիկները, հրաշալի է: Մեր մարզիկները ցույց են տալիս, թե ինչերի են ունակ՝ ունեցած ոչ փառահեղ պայմանների պարագայում: Սա վերաբերում է նաև բժշկությանը, քանի որ Հայաստանում չկա այն անհրաժեշտ արսենալը, որը հավաքականները պարտադիր պետք է ունենան»,-ասաց նա:Մոսինյանն առանձնացրեց, որ սպորտային բժշկության զարգացման համար Հայաստանում պետք է ներդրվի ֆինանսական բավարարվածության այլ համակարգ:

«Մեզ վերաթարմացում է պետք: Թիմերում աշխատող բժիշկները պետք է նորմալ վարձատրվեն, որպեսզի ցանկություն ունենան գալ սպորտային բժշկության ոլորտ»,- առանձնացրեց նա:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս