Եվրոպական ավիաընկերությունները շարունակում են չեղարկել չվերթերը դեպի Մերձավոր Արևելք

Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի հերթական չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում իրադրության սրման պատճառով: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Lufthansa-ն հայտարարել է դեպի Իրանի, Լիբանանի և Հորդանանի մայրաքաղաքներ, ինչպես նաև Թել Ավիվ և իրաքյան Էրբիլ թռիչքները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեղարկելու մասին։ Բացի այդ, այս ժամանակաշրջանում ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչելու Իրանի և Իրաքի օդային տարածքով։

Swiss International Air Lines-ը նույնպես չեղարկել է բոլոր չվերթերը մինչև օգոստոսի 21-ը, բայց միայն դեպի Թել Ավիվ և Բեյրութ։ Այդ ընթացքում ընկերության ինքնաթիռները չեն օգտագործի Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը։

Air France-ը և Transavia France-ը բոլոր չվերթերը Բեյրութ չեղարկել են մինչև օգոստոսի 14-ը։

Ամռան ընթացքում այս և մի շարք այլ ավիաընկերություններ սահմանափակ ժամանակով չեղարկել էին որոշ չվերթեր դեպի Մերձավոր Արևելքի առանձին երկրներ՝ այնտեղ լարվածության սրման պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս