Բաժիններ՝

Ցավոք, Փարիզի օլիմպիական խաղերում տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող. Գագիկ Ծառուկյան

Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը։

Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Սա ազգերի և պետությունների խաղաղ մրցակցության գեղեցիկ հարթակ էր, և մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։

Ցավոք, Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում։

Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։

Ցավոք, այս գեղեցիկ միջոցառմանը ոչ մարզական պատճառներով չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ տարբեր երկրներից։

Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։

Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։

Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։

Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ մեր անկեղծ, արժանապատիվ, մեր թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի և Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին, մարզադահլիճներում էին՝ մարզիկներին ոգևորելով իրենց ներկայությամբ և ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։

Հայկական միասնականության, Հայաստան-Սփյուռք միասնության լավագույն դրսևորումներին մենք ականատես եղանք օլիմպիական խաղերի ընթացքում, և մեր մարզիկների շնորհիվ մենք մոտ երկու շաբաթ միասնական էինք, ապրում էինք միասնական նպատակներով ու միասնական երազանքներվ։

Ինչ վերաբերում է զուտ մարզական արդյունքներին, ապա իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։

Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին. նա չափազանց մոտ էր՝ հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին և, սպորտում չգրված օրենքի համաձայն, հռչակվելու մոլորակի ուժեղագույն մարդը։ Այս անգամ չստացվեց. հուզմո՞ւնքը խանգարեց, պատահականությո՞ւնը, չգիտեմ, բայց իմ կարծիքով, հանձինս Վարազդատի, մենք շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ Մեր խնդիրն է՝ աջակցել և ոգևորել նրան և մարզիկների երիտասարդ սերնդին՝ հետագա հաջողությունների և հաջորդ օլիմպիադաների համար։

Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։

Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական։

Գագիկ Ծառուկյան

Օլիմպիական կոմիտեի նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս