Ողբերգական դեպք. Մկրտության արարողության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել ու մահացել
Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։