Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։
Երեք ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչերին, որոնք միջնորդներ են հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները վերսկսելու շուրջ բանակցություններում։«Մենք կոչ ենք անում Իրանին ու նրա դաշնակիցներին զերծ մնալ գրոհներից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության սրման և վտանգի տակ կդնեն հրադադարի և պատանդների ազատման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը», – նշված է հայտարարության մեջ:
թարմերը, Մակրոնը և Շոլցը զգուշացրել են, որ Իրանը և նրա դաշնակիցները պատասխանատվության կենթարկվեն, եթե նրանց գործողությունները վտանգեն «խաղաղության և կայունության այս հնարավորությունը»:
Հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո հրադադար կնքելու շուրջ բանակցությունները դադարեցվեցին։
Ավելի ուշ միջնորդները կողմերին կոչ արեցին բանակցությունները վերսկսել օգոստոսի 15-ին։
Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել բանակցություններին։ Իսրայելական կողմը համաձայնել է։Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի վերջին Թեհրանում Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։
Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց սպանության համար: