Հնդկաստանը սպառազինության մեջ կընդունի ատոմային երկրորդ հրթիռային սուզանավը
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստ են շահագործման ընդունել միջուկային էներգիայով աշխատող երկրորդ բալիստիկ հրթիռային սուզանավը: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ հղում անելով աղբյուրների։
«Միջուկային էներգիայով աշխատող երկրորդ հնդկական հրթիռային Arighat սուզանավը լիովին պատրաստ է ռազմածովային ուժերի սպառազինության մեջ ընդունվելու երկարատև փորձարկումներից հետո…. Դրա շահագործումը պլանավորվում է սկսել մեկ-երկու ամսից», – հայտարարել են հրատարակության զրուցակիցները:
Նոր հրթիռային սուզանավը կհամալրի Հնդկաստանի միջուկային զսպման ռազմածովային ուժերը, որոնց կազմում 2018 թվականից գտնվում է հայրենական արտադրության առաջին հրթիռային ատոմանավը՝ Arihant-ը։
Ներկայում Անվտանգության կոմիտեն՝ վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ, քննարկում է պաշտպանության նախարարության առաջարկները երկրում երկու ատոմային տորպեդային սուզանավ կառուցելու վերաբերյալ՝ Հնդկաստանում իրագործվող «Նախագիծ 77»-ի շրջանակներում ատոմային ստորջրյա նավատորմ ստեղծելու նպատակով: Սուզանավերի կառուցման համար կպահանջվի առնվազն տասը տարի. հնդկական արդյունաբերության մասնաբաժինը դրանց կառուցման մեջ կկազմի 95%։