«Սինջար եզդիների ազգային միավորում»-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում կոչ է անում դատապարտել Իրաքի եզդիների դեմ ուղղված ատելության խոսքի տարածումը
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը՝ շեշտելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Իրաքում եզդիների նկատմամբ ատելության մեծ խոսք է գեներացվում, և եզդիական փախստականների ճամբարում այդ առիթով խուճապային տրամադրություններ են, քանի որ վերջիններս մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործեն իրենց վրա։
Սմոյանը նշեց, որ դեպքերի զարգացումը ցույց է տվել, որ շիա և սուննի մահմեդական հոգևորականներն իրենց քարոզչության ընթացքում կոչ են անում ոչնչացնել եզդի ժողովրդին, վերջինիս կրոնը, քանի որ եզդիականությունը դեմ է մահմեդականությանը։
«Դրանից հետո այս ամենը մեծ ալիք ստացավ, և սոցիալական ցանցերում տարբեր հեղինակավոր մարդիկ կոչ էին անում, որպեսզի եզդիները ոչնչացվեն։ Անգամ Իրաքի Մոսուլ քաղաքում եզդիների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել, ինչի հետևանքով եզդի փախստականների ճամբարում խուճապային տրամադրություն էր տիրում․ մարդիկ փորձում էին փախուստի դիմել ճամբարից՝ կարծելով, որ կենթարկվեն հարձակման։
Համլետ Սմոյանը տեղեկացրեց, որ մինչև վերջերս այդ իրադարձություններին պատշաճ արձագանք չի տրվել և միայն նախօրեին է, որ շիա և սուննի մահմեդականության հոգևոր ներկայացուցիչները հանդիպել են եզդի հոգևորականների հետ՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը։
«Այս ատելության խոսքի գեներացման պատճառն այն է, որ իրաքյան իշխանությունները ցանկանում են փակել եզդի փախստականների ճամբարը, որի մասին նույնիսկ որոշում կա։ Այդուհանդերձ, մինչ այժմ որևէ գործողություն չի արվել, ու մարդիկ կան, որոնք ցանկանում են վերադառնալ Սինջարի իրենց տներ, սակայն չեն կարողանում, քանի որ այնտեղ չկան համապատասխան ենթակառուցվածքներ», – հայտնեց Սմոյանն՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է բերել, որպեսզի ստեղծվեն մեխանիզմներ՝ զսպելու այդ ատելության խոսքի տարածումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Իրաքում եզդիների դեմ ատելության խոսքի աճող դեպքերին։
«Եզդիները, որոնք կրել են նորագույն պատմության վատթարագույն ցեղասպանություններից մեկը, կրկին բախվում են խտրականության և բռնության սպառնալիքի, որը կարող է հանգեցնել անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնությանը», – նշված է կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որտեղ նաև շեշտվում է, որ հատկապես տագնապալի է Սինջարի եզդիների ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոյից ստացված տեղեկությունն առ այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները, որոնք պատասխանատու են եզդիների ցեղասպանության համար, կարող են ազատ արձակվել Մոսուլի և Սիրիայի բանտերից։
Նամակում նշվում է, որ այս իրադարձությունը հսկայական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի եզդի բնակչության և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների անվտանգության համար։
«Բացի այդ, եզդիների դեմ ուղղված ատելության խոսքն արագորեն տարածվում է տարբեր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և նույնիսկ որոշ ազդեցիկ անձանց հրապարակային ելույթների միջոցով», – ասվում է նամակում և շեշտվում, որ այս ամենը վախի և անկայունության մթնոլորտ է ստեղծում եզդի բնակչության շրջանում։
Նամակի միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արվում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ատելության խոսքի տարածումը կանխելու և եզդիներին հնարավոր նոր ցեղասպանությունից պաշտպանելու ուղղությամբ։
«Կոչ եմ անում ՄԱԿ-ին դատապարտել այս հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու և Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու համար», – նշված է նամակում։