Հունաստանում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել. վարչապետն ընդհատել է արձակուրդը

Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել մարել։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և 150 միավոր տեխնիկա։ Կրակը տարածվում է դեպի Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենտելի գյուղը, որտեղ առնվազն 3 հիվանդանոցից մարդկանց տարհանել են։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։

Պատմական Մարաթոն քաղաքի բնակիչներին նույնպես տարհանվելու հրահանգ է տրվել։ Ստեղծված ճգնաժամով զբաղվելու համար Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Աթենք։Հունաստանում այս տարի գրանցվել են դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ հունիսը և հուլիսը։

Աթենքի AMNA լրատվական գործակալությունը, հղում կատարելով կառավարության ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսին, հայտնել է, որ հրդեհների հետ կապված ծայրահեղ իրավիճակի պատճառով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը օգոստոսի 11–ի երեկոյան ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Աթենք։

Տեսանյութեր

Լրահոս