Կատարը կոչ է արել հետաքննել դպրոցի ու ապաստարանների վրա Իսրայելի հարվածները

Կատարի իշխանությունները դատապարտել են իսրայելական օդուժի հարվածը Գազայի Ալ-Թաբիին դպրոցի վրա և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից դպրոցի և տեղահանվածների ապաստարանների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Կատարը խստորեն դատապարտել է իսրայելական օկուպանտի հարձակումը Գազայի արևելյան հատվածում գտնվող դպրոցի վրա, որտեղ տեղահանվածները պատսպարվել են, ինչը հանգեցրել է զոհերի և տասնյակ վիրավորների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դոհան կոչ է արել անհապաղ միջազգային հետաքննություն անցկացնել՝ ներգրավելով ՄԱԿ-ի փորձագետներին, որպեսզի հաստատվեն իսրայելական հարձակումները դպրոցի և տեղահանված մարդկանց ապաստարանների վրա:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը ալ-Թաբիյին դպրոցի վրա դատապարտել է նաև Սաուդյան Արաբիան։ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել «կոլեկտիվ հաշվեհարդարը» Գազայի հատվածում, որի բնակչությունն ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ։

Օգոստոսի 10-ի առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման շտաբի վրա, որը գտնվում է Գազայի Ալ-Թաբիյին դպրոցում։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ այս շտաբը ներգրավված է եղել իսրայելցի զինվորականների դեմ հարձակումների պլանավորման և իրականացման մեջ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը «պատրվակներ է հորինում» քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար և Իսրայելի պաշտպանության բանակի պնդումները սուտ է անվանել: Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայության վերջին տվյալների համաձայն, որոնք վկայակոչում է Al Jazeera-ն, հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։

Տեսանյութեր

Լրահոս