«Ալիևը հասկանում է՝ Արցախի հարցը փակ չէ. դեռ կբռնեն Ալիևի ձեռքը և կասեն՝ բա՛վ է». Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագրի պայմանների, կետերի վրա ՀՀ իշխանությունները մեծ դերակատարություն չունեն, գնում են միակողմանի զիջումների:
«Այն պայմանագիրը, որն արդեն երկար ժամանակ պարտադրվում է ՀՀ-ին, կապ չունի խաղաղության հետ, և դժվար թե այդ փաստաթուղթը կյանքի կոչվի: Ադրբեջանի իշխանությունները լավ հասկանալով, թե ներկայիս ՀՀ իշխանություններին ինչքան է անհրաժեշտ այդ պայմանագիր կոչվածը, ուղղակի շահարկում են և ամեն անգամ տարատեսակ պահանջներով և պատճառներով հետաձգում դրա ստորագրումը: «Խաղաղության պայմանագիր» կոչվող գործիքակազմը, որպես Փաշինյանի ասած՝ մուրճ, Ադրբեջանն օգտագործում է ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ փորձելով վերցնել առավելագույնը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատրաստվում գնալ որևէ զիջման, և զուտ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե բանակցությունները փոխզիջումային տարբերակով են, արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ապա ասում, որ կզիջեն. «Նրանք պարզապես հետաձգում են, որևէ զիջում չկա, և դրա արդյունքում մենք ոչինչ չենք ստանում: Ա՜յ, սա է այն կործանարար ուղին, որն այսօր բռնել է ՀՀ իշխանությունը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանում էլ են հասկանում, որ այն, ինչ անում են, չի կարող երկար տևել. «Եթե ոչ միջազգային հանրությունը, ապա հայ ժողովուրդը չի կարող այսքան երկար տանել նման քաղաքականություն վարող իշխանություններ, դրա համար փորձում են արագությամբ ամեն ինչ հենց հիմա կատարել, ինչ հնարավոր է վերցնել՝ հասկանալով, որ վաղ թե ուշ կհայտնվեն և՛ միջազգային հանրությունում, և՛ ՀՀ-ում ուժեր, որոնք կբռնեն Ալիևի ձեռքը և կասեն՝ բավ է: Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակն իր համար բարվոք է, ապա հնարավորություն կա դրա փոփոխման, և ինչ-որ պահից ինքը չի կարողանա նման վարք դրսևորել: Ուստի այսօր անելու է ամեն ինչ, որպեսզի իր աներևակայելի, անհնար ցանկությունները կարողանա կորզել այս իշխանություններից»:
Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե «Արցախում բնակվող հայերը» կարող են մասնակցել Մեջլիսի ընտրություններին: Ալիևն էլ ավելի վաղ հայտարարել էր, թե հայերը կարող են մնալ, Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ապրել այնտեղ՝ ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն, ենթարկվելով Ադրբեջանի օրենքներին:
Հակոբ Հակոբյանը վերոնշյալի վերաբերյալ հետևյալն ասաց. «ՀՀ իշխանություններին հակառակ՝ Ալիևը հասկանում է, որ Արցախի հարցը փակված չէ: Չնայած՝ նա հաղթել է, բոլոր տեղերում հայտարարում է, որ Արցախի հարցը փակ է, բայց նա հասկանում է, որ Արցախի հարցը դեռևս փակ չէ: Դրա համար նա փորձում է միջազգային հանրությանը, իր հասարակությանը ցույց տալ, որ փակ է այդ հարցը, որ կան արցախցիներ, որոնք ապրում են Արցախում և կարող են մասնակցել ընտրությունների, մարդիկ, որոնք ուզում են գնալ Արցախ՝ թող գան, ապրեն, ի՞նչ բռնի տեղահանում: Այ հենց այս ներքին վախերը ցույց են տալիս, որ նույնիսկ Ալիևը չի հավատում, որ Արցախի հարցը փակ է: Նա հասկանում է, որ վաղ թե ուշ այդ հարցը բարձրացվելու է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում