Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության ծավալները 18.2 տոկոսով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում արտադրվել է 1 տրլն 408 մլրդ 107.2 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որից 225 մլրդ 124.5 միլիոնի՝ հունիսին: Մայիսի համեմատ՝ ամռան առաջին ամսին արտադրվել է 2.4 տոկոսով պակաս արտադրանք: Փոխարենը՝ այն 1.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը: 

Տարվա առաջին կիսամյակում հանքագործական արդյունաբերությունը և բաց հանքերը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել են 9.2 տոկոսով պակաս արտադրանք, որի արժեքը գնահատվում է 219 մլրդ 875.9 մլն դրամ: Հունիսին արտադրվել է 40 մլրդ 938.8 մլն դրամի արտադրանք, որը 7.1 տոկոսով բարձր է մայիսի ցուցանիշից: Անցյալ տարվա հունիսի համեմատ ծավալները կրճատվել են 10.7 տոկոսով: Մշակող արդյունաբերությունը 2024-ի առաջին կիսամյակում մեկամյա կտրվածքով աճել է 27.7 տոկոսով՝ ապահովելով 1 տրլն 827.2 մլն դրամի արտադրանք: Հունիսին այս ճյուղն ապահովել է 158 մլրդ 278 մլն դրամի արտադրանք, որը 5.2 տոկոսով ցածր է այս տարվա մայիսի ցուցանիշից:

Նախորդ տարվա հունիսի տվյալը գերազանցվել է 3.1 տոկոսով: Էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարումն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13 տոկոսով՝ գումարային արտահայտությամբ գնահատվելով 172 մլրդ 469.8 մլն դրամ:Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման մասով տարվա առաջին կիսամյակում մեկամյա կտրվածքով գրանցվել է 5.3 տոկոսի աճ՝ կազմելով 14 մլրդ 934.3 մլն դրամ:

Այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալի գագաթնակետը գրանցվել է մարտին՝ 262 մլրդ 483.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ մարտին գրանցվել է 30.9 տոկոսի աճ:

Տեսանյութեր

Լրահոս