
Կայացել է Թուրքիա-Վրաստան ցամաքային հաղորդակցության համատեղ հանձնաժողովի նիստը

Տրապիզոնի առևտրի և արդյունաբերության պալատում տեղի է ունեցել Թուրքիա-Վրաստան ցամաքային հաղորդակցության համատեղ հանձնաժողովի նիստը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ թուրքական կողմից նիստը ղեկավարել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդակցության ծառայությունների կարգավորման գլխավոր տնօրեն Մուրադ Բաշթորը, իսկ վրացական կողմից՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային հաղորդակցության գործակալության տնօրեն Լևան Գամկրելիձեն։
Նիստը տևել է 2 օր, որի շրջանակներում հայտարարվել է, որ երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումները կշարունակվեն առանց քվոտայի սահմանափակումների։ Որոշում է կայացվել հեշտացնել ուղևորափոխադրումները, ինչպես նաև թուրք փոխադրողների համար երրորդ երկրի անցագրային փաստաթղթերի քվոտան բարձրացվել է մինչև 15․500-ի։ Վրաստանի իշխանություններին են փոխանցվել թուրք փոխադրողների առջև ծառացած խնդիրները, մտքեր են փոխանակվել այդ հարցի լուծման շուրջ։
Նշվել է նաև, որ աշխատանքներ են տարվում Սարպիի սահմանային անցակետով անցումներն արագացնելու ուղղությամբ։