Ճապոնիայում նշում են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցը
Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 79 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։
Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Ողբերգության զոհերի հիշատակի գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի կենտրոնի Խաղաղության հուշահամալիրում։ Ամբողջ երկրում մեկ րոպե լռություն է հայտարարվել տեղական ժամանակով ժամը 08:15-ին՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի պահին: Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին ընթերցել է խաղաղության հռչակագիրը, որտեղ, հաստատված ավանդույթի համաձայն, աշխարհին կոչ է արվում հրաժարվել միջուկային զենքից։ Այնուհետև ուղերձով հանդես է եկել վարչապետ Ֆումիո Կիսիդան։Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցի առթիվ ընթերցվել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը, որում նա մտավախություն է հայտնել, որ աշխարհը կրկին կանգնած է միջուկային զենքի իրական կիրառման սպառնալիքի առջև։
Գուտերեշը վստահություն է հայտնել, որ միջուկային զենքի վտանգը վերջնականապես վերացնելու միակ միջոցը դրանից ամբողջությամբ հրաժարվելն է։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացրել է Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց վերջում՝ նշելով, որ դրա նպատակն էր արագացնել Ճապոնիայի կապիտուլյացիան։ Սա միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է մարդկության պատմության մեջ։
Հիրոսիմայի վրա արձակված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։ 1945-ի վերջին զոհերի թիվը հասել է 140 000-ի, քանի որ շատերը ստացած վերքերից և ճառագայթահարումից մահացել են հիվանդանոցներում: