Միջանցքի մասին Իրանի հայտարարությունն ուղղված է Արևմուտքին և Փաշինյանին. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը լինելու է ի վնաս Հայաստանի, ուղղված է Արևմուտքին և Նիկոլ Փաշինյանին: Դրա մասին news.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նա հիշեցրել է, որ Իրանը նման հայտարարություններ մի քանի անգամ է արել։
«Իրանը դիվանագիտական լեզվով Հայաստանին հայտարարել է, որ սխալ կերպով խաղարկում է Արևմուտքի խաղաքարտը, և դա Թեհրանին ձեռնտու չէ։
Միացյալ Նահանգներն ուղղակի կերպով հայտարարել է, որ ցանկանում է Միջին միջանցք կառուցել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Փաշինյանն այս նախագծում ընդամենը գործիք է, բայց տարածաշրջանային երեք խաղացողներից երկուսը դեմ են դրան, քանի որ դա ձեռնտու կլինի միայն Արևմուտքին։
Իրանն ու Ռուսաստանը որպես այլընտրանք առաջարկում են «Հյուսիս-Հարավ» նախագիծը։ Ընդ որում, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այս հարցում այլևս ոչինչ չի վճռում: Դա վճռում են տարածաշրջանային ուժերն ու Արևմուտքը։ Ավելին, Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, ի վերջո, կարող են շրջանցել Հայաստանը»,- հավելել է Շարմազանովը։
Նրա համոզմամբ, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը փորձի ուժով միջանցք բացել Հայաստանի տարածքով, Իրանն ու Ռուսաստանը ձեռքերը ծալած չեն նստելու։