Արգիշտի Քյարամյանն ընդունել է կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։
Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ պարոն Ռիբոյի ներդրումը Միջազգային կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հարաբերությունների սերտացման համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։
Նա նշել է, որ իրենց առաքելություններից մեկը նաև միջազգային մարդասիրական իրավունքի ամրապնդումն է և այդ իրավունքի խախտումների դեպքերով արդյունավետ քննություններին մեթոդական աջակցության ցուցաբերումը, որտեղ երկխոսությունը զարգացնելու հնարավորություններ կան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գտնվելու վայրն անհայտ, գերեվարված անձանց հարազատների հետ իրականացվող աշխատանքների, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, փոխադարձաբար բարձրացվող հարցերին հրատապ արձագանքի ու պատշաճ աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է մարդկանց գերեվարման հանգամանքների լիարժեք պարզման, գերության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելու հանգամանքը։
Արգիշտի Քյարամյանն իր երախտիքն է հայտնել հատկապես 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և հետագա ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների արդյունքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող և անհիմն քրեական հետապնդման ենթարկվող անձանց կեցության պայմանների, առաջնային իրավունքների պահպանմանը հետևելու, իրենց ընտանիքների հետ նրանց հաղորդակցության ապահովման հարցում ցուցաբերած հետևողականության համար։
ՀՀ ՔԿ նախագահը, անդրադառնալով գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներին, նշել է, որ դրանք քննության առարկա են ագրեսիվ պատերազմի և հետագա ռազմական գործողությունների սանձազերծման, դրանց ընթացքում խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում, որի արդյունքում հաջողվել է պարզել ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց զոհվելու, անհետ կորելու և գերեվարման հանգամանքները։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել միջազգային գործընկերներին։