Թբիլիսիում աղիքային վարակով հիվանդության խմբակային դեպք է գրանցվել
Թբիլիսիում սալմոնելոզի (սուր աղիքային հիվանդություն) խմբակային դեպք է գրանցվել, տեղեկացել է Սննդի ազգային գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ հոսպիտալացվել է 6 հիվանդ, նրանցից 3-ի մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում սալմոնելոզ է հաստատվել:
Համաճարակաբանական ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիվանդները գտնվել են «Օրի Կաթխա» ռեստորանում, որտեղ կերել են խինկալի, խորոված հավի ֆիլե և «Ցեզր» հավի ֆիլեով աղցան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Սննդի ազգային գործակալությունը տեղեկություն ստանալուց անմիջապես հետո հետաքննություն է սկսել: Գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության լիազորված անձինք չպլանավորած ստուգում են անցկացրել «Օրի Կաթխա» ՍՊԸ-ին պատկանող խոհանոցում:
Ստուգման ընթացքում նկատվել են կրիտիկական անհամապատասխանություններ, ինչի պատճառով ռեստորանը դադարեցրել է արտադրական գործընթացը և տուգանվել 1000 լարիով: Հայտնաբերվել են նաև ոչ կարևոր անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ հանձնարարականներ են տրվել շտկել ողջամիտ ժամկետում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: