Բաժիններ՝

Շնորհավոր «Առավոտի» 30-ամյակը

«Առավոտ» օրաթերթը 30 տարեկան է. 1994 թվականի օգոստոսի 1-ին լույս է տեսել «Առավոտ»-ի առաջին համարը։

Անցած 30 տարիներին ամենատարբեր քաղաքական վայրիվերումների, հաղթանակների ու կորուստների, վերելքների ու, ցավոք, նաև աղետների խառնակ ժամանակներում «Առավոտ» օրաթերթը, վերջին տարիներին՝ արդեն «Առավոտ»-ի առցանց տարբերակը մշտապես եղել է ու կա այդ իրադարձությունների անբաժան ուղեկիցը՝ կարևորագույն դեր ու առաքելություն ունենալով Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում։

«Առավոտ» օրաթերթը՝ շնորհիվ իր գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի, բայց նաև, իհարկե, խմբագրակազմի բոլոր անդամների նվիրվածության, կարողացել է պահպանել մարդկային արժանապատվության ու մասնագիտական պարկեշտության չափանիշներն անգամ ամենադժվարին ու հարափոփոխ պայմաններում։

«Առավոտ» օրաթերթն ուղղակի սովորական լրատվամիջոց չէ, հայկական մամուլում այն ունեցել է համակարգաստեղծ նշանակություն։

Հայաստանի լրագրողական համայնքի անդամների պատկառելի հատվածը, ընդ որում, ամենապրոֆեսիոնալ հատկանիշներով օժտված լրագրողները կա՛մ իրենց կարիերան սկսել են «Առավոտ»-ում, կա՛մ տարբեր ժամանակներում համագործակցել են «Առավոտ»-ի հետ։

Այդ իմաստով «Առավոտ» օրաթերթը մեր մամուլում, լրագրողական աշխարհում ինստիտուցիոնալ հիշողություն կրող եզակի կառույցներից է, որի դերը չափազանց կարևոր է հատկապես այսօրվա իրադարձությունների, այդ թվում՝ պրոֆեսիոնալ լրագրությանն ուղղված օբյեկտիվ ու հայկական իրողություններից բխող մարտահրավերների պայմաններում։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, թերթի անձնակազմի բոլոր անդամներին և անցած երեսուն տարիներին որևէ կերպ Հայաստանի ամենաերկարակյաց լրատվամիջոցում աշխատած մամուլի բոլոր ներկայացուցիչներին՝ թերթի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով անձնական ու մասնագիտական անսպառ կամք՝ «Առավոտ»-ի հարատևությունը շարունակելու համար։

Շնորհավոր «Առավոտ»-ի 30-ամյակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս