VAZ-մակնիշի մեքենայից մինչև 2 անշարժ գույք․ Ի՞նչ են հայտարարագրել ՔՊ-ական Գևորգ Պապոյանն ու նրա կինը

Ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնած կարկառուն ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, որն առիթը բաց չի թողնում ուղիղ ու անուղղակի ակնարկներով շեշտել, որ իր համար մեծ պատիվ է լինել Փաշինյանի թիմում ու աշխատել նրա հետ, թավշյա իրադարձությունների իրական շահառուներից է՝ ի տարբերություն այդ իրադարձություններին մասնակցած ու հավատացած բազում քաղաքացիների․ համենայն դեպս, Գևորգ Պապոյանի հայտարարագրերն են այդ մասին վկայում։

168am-ն այս հրապարակմամբ անդրադառնում է նորանշանակ նախարարի ու նրա կնոջ հայտարարագրերի մի քանի ուշագրավ դրվագների։ Քանի որ պաշտոնյան 2024 թվականին ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, հետևաբար, այդտեղ միայն պատգամավոր Գևորգ Պապոյանին առնչվող տեղեկություններն են։

Այսպիսով, Գևորգ Պապոյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք, որոնք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով․ դրանցից մեկը նա գնել է 2018 թվականի հոկտեմբերին, մյուսը՝ 2022 թվականի մարտին։

Կարդացեք նաև

2011 թվականին պաշտոնյան ձեռք է բերել 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին՝ Քար Բրինգ ՍՊԸ-ից գնել է 2020 թվականի արտադրության 8 միլիոն 785 000 դրամ արժողությամբ «Տոյոտա» մակնիշի մեքենա։

Այս մեքենան, ի դեպ, նա ամիսներ անց վաճառել է ավելի թանկ՝ 10 միլիոն 892 000 դրամով․ ասել է թե՝ ի ցույց դնելով իր էկոնոմիկ ունակությունները։

Նախկին պատգամավորը հայտարարագրել է նաև բանկային ավանդներ, որոնք տարեսկզբին կազմել են՝ 11, 299 դոլար և 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 15, 300 դոլար և 2 000 000 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 103 936 դրամ, 2 դրամ, 3,090 դրամ, 17,441 դրամ, 291,021 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ տարեսկզբին հայտարարագրած 2 միլիոն 240 000 դրամը տարեվերջին կազմել է 980,000 դրամ։

Գևորգ Պապոյանի հաշվետու տարվա՝ 25 միլիոն 654 844.09 դրամ եկամուտը հիմնականում գոյացել է՝ մեքենան օտարելու դիմաց ստացած 10 միլիոն 892 հազար դրամից, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 1,847,705 դրամի չափով ստացված այլ եկամուտներից, ՀՊՏՀ-ից ստացված 150 հազար դրամ, ՀՀ Կառավարությունից, Աշխատանքի և սոցապ նախարարությունից ստացված 500 հազար դրամ միանվագ վճարներից, ՀՊՏՀ ՊՈԱԿ-ից ստացված 2 միլիոն 153 323 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացված 9 միլիոն 775 460 դրամ աշխատանքային վարձատրություններից, տարբեր բանկերից ստացած փոխառություններից կամ տրված փոխառությունների դիմաց ստացված գումարներից։

Ի դեպ, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 12,987,920 դրամ է։

Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամ կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ 9,585,000 դրամի չափով՝ չմատնանշելով, թե ինչ ծախսի մասին է խոսքը:

Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը, հայտարարագրել է 30 հազար դոլար բանկային ավանդ, 958,876 դրամ հաշվետու տարվա եկամուտներ, որոնք գոյացել են Երևանի ավագ դպրոցներից մեկից ստացված 668 876 դրամ աշխատավարձից, և 290,000 դրամ Պավել Օկրեմայից՝ վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից։

Աննա Թորոսյանը հայտարարագրում նշել է նաև հանձնված և վերադարձված փոխառությունների մասին տեղեկությունը․ ըստ այդմ՝ տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը կազմել է 11 միլիոն 736 310 դրամ․ պարտապանը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն է։

Տեսանյութեր

Լրահոս