
Իրանը վերահաստատել է Հայաստանի տարածքով արտատարածքային որևէ միջանցքի դեմ լինելու դիրքորոշումը

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանն այսպես կոչված «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել իր այդ դիրքորոշմանը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մեջբերելով Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը։ Վերջինս նաև նշել է, որ Թեհրանի որոշակի և կայուն քաղաքականությունը կայանում է հարևանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման մեջ։
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարևանների հետ հարաբերությունների համար»,- ասել է նա:
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և նշել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը»։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի արտատարածքային երթուղի իր տարածքում, իսկ հայ-իրանական հարաբերություններն որակել է որպես ռազմավարական։