Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև ստեղծված իրադրության դիվանագիտական ​կարգավորման կոչ է արել

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կոչ է արել, որ Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, և կարծում է, որ զինված առճակատումից հնարավոր է խուսափել։ Այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Մանիլայում «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ Ֆիլիպինների կողմից՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էնրիկե Մանալոն և Գիլբերտո Թեոդորոն։

«Մենք Իսրայելի հյուսիսային սահմանին մեծ ակտիվություն ենք նկատում, և մեզ մտահոգում է, որ այս ամենը կարող է վերածվել լայնամասշտաբ հակամարտության։ Եվ ես չեմ կարծում, թե առճակատումն անխուսափելի է: Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ լուծվեր դիվանագիտական ​​ջանքերի միջոցով», – ասել է Օսթինը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ անկախ ամեն ինչից, Իսրայելն ի վիճակի է ռազմական գործողություններ իրականացնել Գազայի հատվածում և միաժամանակ Լիբանանում։ 

«Իսրայելն անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իրեն…. Մենք հանձնառու ենք օգնություն ցույց տալ Իսրայելին ինքնապաշտպանության համար այն ծավալով, որը կպահանջվի: Իհարկե, դա այն սցենարը չէ, որ մենք կցանկանայինք տեսնել։ Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ լուծվի դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա:

Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունն աճել է, երբ հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 12 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, որոնք գտնվում էին հարվածի ենթարկված ֆուտբոլի դաշտում։ Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է «Հեզբոլլահ»-ին, որը հայտնել է, որ առնչություն չունի հարձակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս