Էրդողանի հույսերը` Թրամփի վարչակազմից և Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին
Թուրքական լրատվամիջոցներում հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)։ (Այդ թվում արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որոնց Անկարան համարում է ահաբեկչական)։ Մասնավորապես նշվել էր, որ քրդական ուժերին է մատակարարվել «Avenger Stinger» տեսակի ՀՕՊ համակարգեր։
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ի կողմից։ Նախկինում էլ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստացել ԱՄՆ-ից։ Եվ դա մշտապես չափազանց ցավագին է ընդունվել Անկարայի կողմից։
Մասնավորապես 2017-ի մայիսի 30-ին, այսինքն ԱՄՆ-ի այլ իշխանության պայմաններում, ԱՄՆ սկսել էր Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը ըստ ամերիկյան կողմի՝ քրդերին թույլ էր տալու Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ գրոհը:
ԱՄՆ-ն նախքան այդ էլ զինել և մեծ աջակցություն էր ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Մասնավորապես նույն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին ևս 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին: Նմանատիպ ռազմական օգնություն էր ցուցաբերվել նաև 2019թ-ին։
Ամերիկյան քաղաքական վերնախավում, անկախ տվյալ ժամանակվա իշխանությունից, կա որոշակի կոնսենսուս Սիրիայի քրդական ուժերին որոշակի առումով աջակցելու հարցով։
Այլ հարց է, որ այդ աջակցությունը այն չափի չէր, որ Սիրիայի քրդական ուժերին հնարավորություն կտար կանխել, կամ գոնե դիմակայել Թուրքիայի զինված ուժերի և նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբարումների հարձակումներին։
Խոսքը վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից իրականացված մի քանի խոշոր ռազմական օպերացիաների մասին է («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»), որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի մինչ այժմ գտնվում են թուրքական զինուժի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների օկուպացման տակ։ Նշյալ գործողությունների բուն նպատակը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնված այսպես կոչված կանտոնների (վարչատարածքային միավոր) միավորումը կանխելն էր։
Պետք է արձանագրել ևս մի ուշագրավ փաստ. թեև Թուրքիայի ներկայիս վերնախավը բացասական է տրամադրված դեմոկրատների նկատմամբ ու որոշակի հույսեր է կապում հանրապետականների ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ, այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ։ Թեև Թրամփի և Բայդենի գործելաոճը, էապես տարբերվում են իրարից, Էրդողանի իշխանությունը չի կարող մոռանա, որ հենց Թրամփի իշխանության ժամանակ Թուրքիայի նկատմամբ սահմանվեցին լուրջ պատժամիջոցներ։
Մասնավորապես Միացյալ Նահանգների նախագահ այդ ժամանակվա Դոնալդ Թրամփը 2019-ին հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով։
Պատժամիջոցները սահմանվել էին Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:
Հենց Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։
ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼՔՈւՄՅԱՆ