
Մենք անցնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ներկայում անցնում է Եվրամիության հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց։ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության վերաբերյալ “Associated Press”-ի հարցին։
«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում և աշխատում ենք նոր մեխանիզմների և գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Ավելացնեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, և ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում և աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին և հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաև կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանը համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան Հայաստանում և Հայաստանի շուրջ: