«Ի՞նչ ենք անում… քեֆ ենք անում». 180 միլիոն դրամ՝ հերթական «Ֆեստիվառին»
Գործող իշխանությունները, որոնց ուսերին 12 միլիարդ պետական պարտքն է, որոշել են այս տարի ևս չխախտել ավանդույթն ու 180 միլիոն դրամ ուղղել «Ֆեստիվառ» մշակութային նախագծին։ Հենց այս նախագծի շրջանակներում էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը գնացել Գյումրի՝ մասնակցելու Թաթայի համերգին։
Նախորդ տարի այն անց էր կացվել Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, իսկ նույն օրերին Արցախում շրջափակման մեջ սովի էին մատնված 100 հազարից ավելի հայեր։ Հանրային հեռուստաընկերությունն այդ նախագիծն իրականացնելու համար 179 միլիոն 954 հազար դրամ՝ շուրջ 467 հազար դոլար դրամաշնորհ էր ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Այս տարի նույն նախագիծը պետական բյուջեի վրա արժեցել է 180 միլիոն դրամ. ըստ պետգնումների armeps համակարգում դեռ հունիսի 12-ին հանրայնացված պայմանագրի, միջոցառման շահառուներն այս անգամ Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերն են։
Գյումրիում հուլիսի 27-ին կայացած Թաթայի համերգից հետո, «Ֆեստիվառի» հաջորդ կանգառը լինելու է օգոստոսի 10-ին՝ Իջևանում, որտեղ ելույթ կունենա «Կարեն-Սևակ» խումբը, ապա՝ Եղեգնաձորը, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա «Լադանիվա» խմբի համերգը։
Նախահաշվից տեղեկանում ենք՝ Գյումրիի համերգն արժեցել է 83 միլիոն 480 հազար դրամ, որից 30 միլիոն դրամը եղել է երաժշտախմբի և երգչի ապահովման ծախսերը։
Դրամաշնորհի հատկացման պայմանագրում նշված է, թե փառատոնի ընթացքում ակնկալում են համայնքային կյանքի աշխուժացում, զբոսաշրջային հոսքերի ներգրավում, ՓՄՁ գործունեության խթանում և այլն։
Ակնկալիքներն իսկապես ողջունելի են, սակայն թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարի նախագծում ընդգրկված են այն մարզերը, որոնք գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հայտնվել են ոչ միայն անվտանգային սպառնալիքների տակ, այլև դրա հետևանքով՝ երկար ժամանակ լուծման սպասող բազմաթիվ սոցիալական խնդիրների առջև։
Ու թերևս մեր շուրջն ու մեզ հետ կատարվողի և ներսում նման անհոգության, ԿԳՄՍՆ-ի ու Փաշինյանի առաջնահերթությունների այս հակադրությունն է, որ հանրային տարբեր շրջանակների միջև հակասությունների ու բախումների առիթ է դառնում։