Թբիլիսին շեղվել է ժողովրդավարական ուղեգծից. ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական
Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան նկրտումները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքը։
Հաքն այդ մասին խոսել է Կոնգրեսում, որտեղ հուլիսի 23-ին լսումներ են տեղի ունեցել Վրաստանում և Մոլդովայում նախատեսված ընտրությունների վերաբերյալ։
Նա անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի հաստատած «գործակալների օրենքի» մասին և ասել, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքն» ընդունել է «ոչ ժողովրդավարական օրինագծեր», որպեսզի դրանով վարկաբեկի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև ապատեղեկատվություն և հռետորական հարձակումներ է սկսել ամերիկյան և եվրոպացի գործընկերների դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ աջակցել են Վրաստանին։
«Մայիսի 28-ին իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ընդունած «Օտարերկյա ազդեցության» օրենքը հակաժողովրդավարական շրջադարձի խորհրդանիշ է։ Այս օրենքը, որը Ռուսաստանում ընդունված օրենքի պատճենն է, ստեղծվել է քննադատական ձայները լռեցնելու համար»,- ասել է Հաքը
Հաքիի խոսքով, 2024 թվականը Վրաստանի ապագայի և ժողովրդավարական առաջընթացի համար կարևորագույն տարի է։
«Մենք իշխանություններին բացատրեցինք ազատ և արդար ընտրությունների կարևորությունը և նշեցինք, որ մենք ուշադիր հետևում ենք գործընթացի էլեկտրոնային անցկացմանը: Մենք աջակցեցինք Վրաստանի խնդրանքին՝ կոչ անելով իշխանություններին ապահովել միջազգային հանրության անարգել մուտքը: Մեր աջակցությունն անսասան է Վրաստանի քաղաքացիական հասարակությանը… Վրաստանի ապագան պետք է որոշի Վրաստանի ժողովուրդը»,- հավելել է Հաքը։
Ի դեպ, 2024 թվականի մայիսի 14-ին, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների հորդորին` չընդունել օրենքը, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը»։