ՊԵԿ-ը 27 միլիոն 207.000 դրամով հրատապ կարգով կվերանորոգի իր վարչական շենքերից մեկը
Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքում ընթացիկ նորոգման աշխատանքները, ըստ այսօր կնքված և պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած պայմանագրի, կարժենա 27 միլիոն 207 000 դրամ։
Ծառայությունը հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերվել «Ֆ Տ Դ-ՇԻՆ» ՍՊԸ-ից․ այս ընկերությունը գրանցվել է 2020 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքում, ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հակոբ Հակոբյանին։
Ընկերությունն արդեն 2021 թվականից պարբերաբար հայտնվել է պետգնումներում՝ տարբեր գերատեսչությունների հետ կնքելով 10 պայմանագիր։ 10 պայմանագրից 5-ը ՊԵԿ-ի հետ է, որոնք կնքվել են գնանշման հարցում և հրատապ մեկ անձ գնման ոչ մրցակցային ընթացակարգերով։
Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը դարձյալ նույն՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով «Ֆ Տ Դ-ՇԻՆ»-ին էր պատվիրակել Երևան քաղաքի Երևան 42 հասցեում գտնվող վարչական շենքում ընթացիկ նորոգման աշխատանքները՝ 5 միլիոն 428 372 դրամով։