Բաժիններ՝

Մարմնի և հոգու հակադրության մասին

Արարիչ Աստված արարչագործության վեցերորդ օրը ստեղծեց արարչագործության թագ և պսակ հանդիսացող մարդուն, ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ և ի տարբերություն կենդանիների, որոնք չունեն բանական հոգի, Աստված մարդուն բանական հոգի շնորհեց: Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետության համաձայն՝ մարդն ունի իշխանական հոգի և ծառայական մարմին: Մարմինը պետք է ծառայեցնել և ոչ թե մարմնին ծառայել, և հարկ է, որ հոգին իշխի մարմնին, և ոչ թե մարմինը՝ հոգուն:

Հակառակ դեպքում մարդը դառնում է մարմնի պիղծ ցանկություններին գերի: Հոգին առավել է, քան մարմինը: Մարդու մահվանից հետո մարմինը, որ հող էր, հող էլ դառնում է, իսկ հոգին, որ Աստված է տվել, անմահ է և Աստծու մոտ՝ երկինք է ելնում՝ պահվելով մինչև համընդհանուր հարության օրը, մինչև հոգիների և մարմինների դատաստանը…

Հարկ է պատվել և խնամել նախ և առաջ հոգին, այնուհետ՝ մարմինը: Շատերս այսօր նախապատվությունը տալիս ենք մեր մարմնին՝ խնամք տանելով մեր մարմնի նկատմամբ՝ ոչ ըստ անհրաժեշտության, այլ չափից ավելի՝ պարարտացնելով մեր մարմնի անդամները աշխարհի բոլոր՝ մարմնին ցանկալի վայելքներով. լինեն դրանք կերակրի, հաճույքների և այլևայլ կերպերով: Մինչդեռ որքան զորացնում ենք մարմինը, այնքան նվազեցնում և ճնշում ենք հոգին և հակառակը՝ ճնշելով և նվազեցնելով մարմինը, զորացնում ենք հոգին: Հոգին անմահ է և պատվելի: Հոգին ձգտում է վեր, դեպի աստվածայինը, դեպի անիմանալի բարձրությունները, մինչդեռ մարմինը՝ երկրաքարշ ցանկություններով, մեզ մշտապես ձգում է վար և կապում երկրին: Ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել և հաղթել հոգու և մարմնի այս պատերազմում:

Հարկ է հոգին սնել հոգևոր կերակուրներով: Եթե մարմինը, որ ապականացու է և անցողիկ, կարիք ունի ամենօրյա սննդի, որչափ առավել խնամքի ու հոգածության, հոգևոր սննդի կարիք ունի հոգին, որ առավել է, քան մարմինը: Հարկ է հոգին սնել՝ առաքինական գործեր կատարելով՝ ողորմածությամբ, բարությամբ, հեզությամբ, սիրով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ և հոգուն հաճելի և ցանկալի ամենայն բարեգործություններով:

Կարդացեք նաև

Ըստ Սուրբ Գրքի՝ «Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23): Եթե այս առաքինությունները կրում ենք մեր մեջ, ավելի հեշտությամբ կարող ենք մարմնի մեղսահակ ցանկությունների դեմ պայքարել, ինչպես օրինակ՝ սիրով պայքարել ատելության դեմ, խնդությամբ՝ հուսահատության և տխրության, խաղաղությամբ՝ թշնամության և անհաշտության, համբերությամբ՝ անհամբերության դեմ և այլն:

Այսինքն՝ երբ մեր մարմինը կամենում է «ոտնձգություն» կատարել մեր հոգու նկատմամբ՝ խոչընդոտելով նրա փրկությանը, «հակահարված» հասցնենք նրան՝ չար ցանկության դեմ հոգու պտուղներով՝ առաքինություններով պայքարելով: Ամեն ժամ պայքարի մեջ ենք, մեր բովանդակ կյանքը պայքար է, հոգու մարտ, հաղթանակել կարող ենք զորեղ հավատի շնորհիվ, քանզի հավատով զորացած հոգին է արիաբար պայքարում մարմնի և նրա գարշ ցանկությունների դեմ և հաղթում…

Շատերս կարող ենք վկայել, որ բավական է փոքր-ինչ թերանանք մեր հավատի մեջ, վրա են հասնում դաժան փորձություններ, որոնք էլ տկարացնում են մարդու հոգին, քանզի հավատի մեջ տկար լինելու պարագայում տկարանում է առաջին հերթին մարդու հոգին: Չպետք է ընկրկենք, տեղի տանք հուսահատությանը և մարմնի տկարությանը, թույլ չտանք, որ մեր մեղսասեր բնությունն իրենն անի, իրեն հաճելին ի կատար ածի, այլ միշտ զգոն լինենք այս հոգևոր պայքարում: Անսանք Պողոս առաքյալի խոսքերին, որ ասում է. «Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղ. 5:16-17): «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Ավելին. «Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին», իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն: Ուրեմն խնդրենք Աստծուն, որ զորացնի մեր հոգին, տա մեզ զորեղ հավատ և ամուր կամք և օգնի մեզ այս հավատի պատերազմում հաղթել թշնամուն, քանի որ մարդու համար անհնարինը հնարավոր է Աստծուն, և անհաղթահարելի փորձությունը հաղթահարելի կլինի միայն ամենակարող Աստծու օգնությամբ, քանզի. «Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց…» (Բ Պետ. 2:9): Հիշենք, որ պայքարի ընթացքը կարճ է, բայց արդյունքը՝ հավիտենական երանությունների վայելումը:

Ուրեմն չամաչեցնենք մեր հոգիներն անօրեն գործերով, այլ արիաբար պայքարենք և հաղթանակենք այս հավատի պատերազմում մեր հավատի Զորագլխի՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ և համարձակություն ունենանք սրբազան առաքյալի նման գոչել և ասել. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը: Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում՝ ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը, այն օրը. և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին Նրա հայտնվելը» (Բ Տիմ. 4:7, 8). ամեն:

Անժելա Խաչատրյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս