![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Grosi.png)
Ռազմական հարվածների հետևանքով Էներգոդարում էլեկտրաէներգիայի ընդհատումները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների համար՝ դրանով իսկ ազդելով միջուկային անվտանգության վրա։
Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 17-ին իրականացված հարվածի հետևանքով Էներգոդարում դադարել են էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը։ Այս մասին ահազանգել է ատոմակայանում տեղակայված ՄԱԳԱՏԷ-ի խումբը։ Վերջին շաբաթներին ևս ատոմակայանում եղել են էլեկտրական հոսանքի և ջրի մատակարարման դադարեցումներ։
«Նման միջադեպերն, անշուշտ, սաստկացնում են առանց այն էլ շատ լարված իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում աշխատող մարդկանց համար: Մենք կշարունակենք հետևել իրադրությանը: Անձնակազմի ընդհանուր առողջական վիճակն անհանգստություն է հարուցում, քանի որ դա նաև կարող է ազդել միջուկային անվտանգության վրա», – մեջբերված է Գրոսիի խոսքը հայտարարության մեջ։
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թ. մարտից՝ փետրվարին Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց։