Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել. Axios
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնավոր կարգով Axios պորտալին ասել են, որ Կոնգրեսում կուսակցական ղեկավարների և մտերիմ ընկերների ճնշման մեծացումը Ջո Բայդենին կհամոզի որոշում կայացնել նախագահական մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ. նրանց կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ հենց այս շաբաթավերջին:
81-ամյա նախագահը, որն այժմ ինքնամեկուսացել է COVID-ով վարակվելու պատճառով, ըստ դեմոկրատների, հաղթելու քիչ հնարավորություն ունի:
Դեմոկրատական կուսակցության ղեկավարները, Բայդենի ընկերները և նրա քարոզարշավի հիմնական դոնորները կարծում են, որ նա չի կարող հաղթել, չի կարող փոխել հասարակության պատկերացումները իր տարիքի և մտքի սրության վերաբերյալ: Նախագահին ասվում է, որ եթե նա մնա մրցապայքարում, ապա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել նոյեմբերի ընտրություններում:
Մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ ճնշումն անտանելի մակարդակի է բարձրացել, հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում, գրում է Axios-ը:
AP-ի թարմ հարցումը ցույց է տալիս, որ դեմոկրատների գրեթե երկու երրորդը ցանկանում է, որ Բայդենը դուրս գա նախագահական մրցապայքարից: