Վրաստանում դատական ոլորտի նկատմամբ անվստահություն կա. Պետդեպ
Վրաստանում բիզնեսի և ներդրումային պայմաններն առողջ են, սակայն, այնուամենայնիվ, մշտապես առկա է անվստահությունը դատական ոլորտի կարողությունների նկատմամբ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ներդրումային միջավայր 2024-Վրաստան» զեկույցում:
Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ, բիզնեսի և ներդրումային պայմանները գոհացուցիչ են, և Վրաստանն ավելի լավ վիճակում է, քան տարածաշրջանի մյուս երկրները: Այնուամենայնիվ, Պետդեպը զեկուցում նշել է, որ մշտական անվստահություն կա դատական ոլորտի առևտրային գործերն ինքնուրույն կամ ժամանակին և իրավասու կերպով լուծելու ունակության նկատմամբ, քանի որ որոշ բիզնես վեճերի գործեր տարիներ շարունակ ձգվում են դատական համակարգում:
«Մյուս ընկերությունները դժգոհում են մունիցիպալ մակարդակում որոշումների կայացման անարդյունավետ գործընթացներից, արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունից, քաղաքական միջամտության մեղադրանքներից, օրենքների և կանոնակարգերի ընտրովի կիրառումից, ներառյալ առևտրային օրենքներից և սեփականության իրավունքի վերաբերյալ վեճերի լուծման դժվարություններից»,- նշված է զեկույցում:
Զեկույցում խոսվում է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիայի մասին։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախությունը։
«Լարվածությունը պահպանվում է ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ վարչական սահմանների երկայնքով»,- գրել է Պետդեպարտամենտը։