
Շատ կարևոր ֆուտբոլիստների ենք կորցրել, բայց մարտական ենք տրամադրված․ Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Շատ դժվարություններով, բայց պատրաստ ենք խաղին: Մարտական ենք տրամադրված: Շատ կարևոր ֆուտբոլիստների ենք կորցրել՝ Հարությունյանը, Դաշյանը, Գոնսալվեսը, Յուրիչիչը, Դեբլեն: Մենք լավատես ենք, անգամ այսպիսի կորուստներով պատրաստվել ենք Չեմպիոնների լիգայի խաղերին: Առաջին խաղում մեր առաջադրանքը նվազագույնը չպարտվելն էր, կարողացել ենք ոչ-ոքի գրանցել:
«Փյունիկը» շատերն են սիրում, բոլորիդ սպասում ենք ստադիոնում, պետք է ցույց տանք, որ մենք շատ ենք ու միասնական ենք»,-ասել է Մելիքյանը:
Հայաստանի և Բելառուսի չեմպիոնները հուլիսի 10-ին Հունգարիայում կայացած առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էին գրանցել: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։
Պատասխան խաղում «Հանրապետական» ստադիոնի մուտքն ազատ կլինի: «Փյունիկը» երկարատև դադարից հետո կվերադառնա Հայաստանի գլխավոր ստադիոն: «Փյունիկ» – «Դինամո» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի 20:00-ին: