Լավ, չեմ ասում՝ նախկինի վերադարձ, բայց նորերին ցույց կտա՞ք. Աբրահամ Գասպարյան
Հայաստանը կդառնա երկրորդ Ուկրաինա. հանուն իր իշխանությունը պահելուն՝ Հայաստանի այս իշխանությունը դրան անգամ կգնա, եթե, իհարկե, մենք դա թույլ տանք՝ թողնելով նրանց իշխանության ղեկին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն՝ ընդգծելով՝ ամեն ինչ տանում է հայկական պետության վերացմանը, և Հայաստանը ներկայացնողն ապուշ չէ, հենց այնպես չէ, որ, լինելով անկախ երկրի ղեկավար, անկախության շարժում է նախաձեռնում։
«Եկեք հիշենք 2023 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա կապակցությամբ դրա հղած ուղերձը, որով ասում է, թե սկսում է անկախության շարժում։ Ինքն ապուշ չէ, պատահական չէ նման բաներ ասում, իսկ, գուցե, 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ կա ա՞յլ տարածք, դիցուք, 10 հազար քառակուսի կիլոմետրի չափով, որի անկախության շարժումն էլ սկսելու է, ինչի արդյունքում մենք ունենալու ենք Ալեքսանդրապոլի պայմանագիր-2, այսինքն՝ մեզ կմնա Սևանի կողմից որոշ սահմաններ՝ դեպի Քարվաճառ, արևմուտքից՝ Շիրակի դաշտավայրը, Լոռուց որոշ հատվածներ, Արմավիրի և Արարատի մարզերը, և իրենց համար տարբերություն չի լինի՝ 10 հազար քառակուսի կիլոմետր տարա՞ծք է, թե՞ ոչ»,- ասաց Գասպարյանը՝ շեշտելով՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ փողոցում գեներացված ազգային-ազատագրական պայքարը միտված է հենց այս սցենարը կանխելուն և խափանելուն, և թեև այժմ ակտիվ պայքարի փուլ չէ, Սրբազան պայքարը չի՛ շեղվել իր օրակարգից. ընդամենը վերադասավորումների շրջանում է։
Գասպարյանի դիտարկմամբ՝ Սրբազան պայքարի արձանագրած արդյունքներից խոսելիս կարևոր է հիշել, որ Սրբազանից պահանջում են հրաշք գործել այն պարագայում, երբ Հայաստանում առկա է ընդամենը մեկ-երկու կազմակերպված, մարզային կառույցներ ունեցող քաղաքական ուժ, ինչն իշխանափոխություն անելու պարագայում անհրաժեշտություն է, քանի որ միայն այդ կազմակերպված քաղաքական միավորներն են, որ ունեն մարդուժ մոբիլիզացնելու ռեսուրս։
«Այո՛, կա խարիզմատիկ լեգիտիմություն ունեցող լիդեր, նա անկուսակցական է, ազգային-պետականամետ հոգևորական, հոգևոր հովիվ, բայց մենք իրենից պահանջում ենք, որ փլուզված քաղաքական համակարգի պայմաններում հրաշք գործի։ Այդպես չի՛ լինում, որովհետև երկրում չկան վստահություն վայելող մասսայական կուսակցություններ, որոնց վրա հենվելով՝ այս մարդը կկարողանա այդ հրաշքը գործել»,- ասաց Արբրահամ Գասպարյանը՝ որպես լուծում՝ ընդդիմադիր գործիչներին առաջարկելով փոխել պայքարի մեթոդաբանությունն ու հրաժարվել գրասենյակներում քննարկումներ անելու գործելաոճից։
«Օֆիսային պայքարի մեթոդաբանությունը պետք է փոխել և դուրս գալ դաշտային աշխատանքի, գնալ գյուղեր, ինչն անում է Բագրատ սրբազանը. Դա պետք է անել և ոչ թե ասել՝ ոչ մի նախկին։ Լավ, ես եմ, չեմ ասում՝ նախկինի վերադարձ, բայց նորերին ցույց կտա՞ք։ Նախկիններին բացառելու խոսույթը ցանկացած ընդդիմադիր շարժում ջլատելուն է միտված»,– խոսքը եզրափակեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավարը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.