Հույս չկա. Էլի խաբել են

Երևանի ավագանու վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստում էր, երբ հայտարարում էր, թե հաջորդ տարի կսկսվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը։ Խոսքն այս տարվա մասին էր։ Բայց պարզվում է, այս տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ոչ մի շինարարություն էլ չի սկսվելու։ Նույնիսկ մյուս տարի էլ չի սկսվելու։

Կրկին խաբել են։

«Մինչև տարեվերջ մեզ տալու են նախագիծը։ Ասեմ ավելին, կառավարության հետ պայմանավորվել ենք, որ հաջորդ տարվանից համապատասխան ֆինանսավորումը լինելու է դրված մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերում։

Դա նշանակում է, որ հաջորդ տարի սկսելու ենք կայարանի կառուցումը»,- էրեբունցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ 2023թ. օգոստոսին ասում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կարդացեք նաև

Անցած տարվա վերջին էլ հայտարարում էր, որ արդեն ունենք կայարանի ամբողջական նախագիծը, որը փորձաքննության փուլ է անցնում։ Համալիր փորձաքննության ավարտից հետո, կառավարության հետ կքննվեն նաև համատեղ ֆինանսավորման աղբյուրները։

«Որոշակի ֆինանսավորում 2024թ. համար արդեն իսկ կառավարությունը նախատեսել է։

Ուզում եմ տեղեկացնել, որ այս ծրագիրը ֆինանսավորվելու է ամբողջապես կառավարության կողմից։

Մենք արդեն իսկ իրական նախագիծ ունենք՝ նոր մետրոյի կայարանի, որի շինարարությունը 2024թ. պետք է մեկնարկենք»,- անցած տարվա վերջին հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասում էր Տիգրան Ավինյանը։

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը, որը ՔՊ-ականները խոստացել էին կառուցել դեռևս նախորդ ավագանու ընտրությունների ժամանակ, շատ հեռու է շինարարության մեկնարկից։ Կայարանի շինարարությունը ոչ միայն այս, այլև հաջորդ տարի չի սկսվելու։ Լավագույն դեպքում կարող է սկսվել միայն 2026թ. կեսերին։ Այն էլ, եթե մինչ այդ լուծվեն ֆինանսավորման հետ կապված խնդիրները։

Ֆինանսավորման խնդիրներն առայժմ լուծված չեն։ Հայտնի էլ չէ, թե ինչ տարբերակով են լուծելու։

Եթե մինչև վերջերս Տիգրան Ավինյանն ասում էր, թե կայարանը կառուցվելու է կառավարության կամ համատեղ ֆինանսավորմամբ, հիմա արդեն դիտարկում են վարկերի տարբերակը։

Հիշեցնենք, որ կայարանի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը, նախնական գնահատումներով, տատանվում է 220-240 մլն դոլարի սահմաններում։

Որքան երկար ձգվի այս պրոցեսը, այնքան ֆինանսական միջոցների կարիքն ավելանալու է։

Չնայած հայտարարվող նախնական 220-240 միլիոնն էլ լուրջ գումար է, որը դեռ պետք է գտնեն՝ ծրագրի իրականացումը մեկնարկելու համար։

Գումարը չկա, երբեք չի էլ եղել, բայց մեծ խոստումներ էին շռայլում, թե ուր որ է՝ սկսվելու է կայարանի շինարարությունը։

Թե ի՞նչ փուլում է գտնվում ծրագիրը, և  որքանո՞վ է մոտ կայարանի կառուցման շինարարության մեկնարկը, օրերս հայտնի դարձավ քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ։

«Մետրոյի կառուցումը տևական տարիներ տևող գործընթաց է լինելու, նախնական գնահատումով, մինչև 2030-2031-2032թթ.։ Սա այն ժամանակացույցն է, որով հաշվի են առնվել բոլոր ռիսկերն ու հնարավոր շեղումները։ Այդ ժամանակահատվածն էապես կախված է լինելու նրանից, թե ո՞րն է ի վերջո հաստատվում ֆինանսավորման աղբյուրը։

Ընթացքում է ՇՄԱԳ փորձաքննությունը և հույս ունենք ավարտել հոկտեմբերին։

Հետո կունենանք պետական համալիր փորձաքննության ժամանակահատված, որն ընկնում է 2025թ.։

Եվ հիմնական մրցութային գործընթացները 2025թ. պետք է կարողանանք ավարտին հասցնել, որպեսզի մյուս տարվա կեսերին շինարարական մեկնարկը տրվի։

Սա, կարելի է ասել, օպտիմիստական, ռեալիստական սցենարն է, որը էլի կախված է լինելու ֆինանսավորման աղբյուրից։ Այն տրամաբանությամբ, որ եթե որոշում կայացվի միջազգային միջոցներով ֆինանսավորել ծրագիրը, ապա այստեղ արդեն շեղում ենք ունենալու վարկային կամ դրամաշնորհային միջոցների շուրջ բանակցությունների հետ կապված»,- սա հատված է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերից մեկում օրերս ներկայացված զեկույցից, որը բացահայտում է ՔՊ-ական քաղաքային իշխանության ստերը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի շինարարության շուտափույթ մեկնարկի վերաբերյալ։

Կայարանի շինարարությունը, որը պիտի սկսվեր այս տարի, լավագույն դեպքում կարող է սկսվել 2026թ. կեսերին։ Այն դեպքում, եթե մինչ այդ լուծվեն ֆինանսավորման հարցեր, որն ամենակարևոր խնդիրն է այս պարագայում։

Սեփական միջոցներով ֆինանսավորման հեռանկարներ չկան։ Քաղաքապետարանն այդպիսի գումարների չի տիրապետում։ Այս փուլում կառավարությունը ևս չունի այդպիսի հնարավորություններ։ Բյուջեի եկամուտները չեն բավարարում անգամ բյուջեի խնդիրները լուծելու համար։ Բավական լուրջ ճեղք է գոյացել, որը գնալով խորանում է։ Առաջիկա տարիներին բյուջեի ֆինանսավորման խնդիրներն էլ ավելի կարող են սրվել։ Սա գրեթե անհնարին է դարձնում բյուջետային  միջոցներով մետրոյի կայարանի կառուցման հեռանկարը։

Մնում են վարկերը, որոնց նկատմամբ այս իշխանությունները, ինչպես տեսնում ենք, առանձնահատուկ թուլություն ունեն։ Վեց տարում 5,5 մլրդ դոլարի վարկեր են վերցրել ու պարտքը գրեթե կրկնապատկել։ Բայց դրանով էլ չեն բավարարվում։ Այդքան պարտքերի մեջ ի՞նչ մեծ բան է, եթե մի քանի հարյուր միլիոն էլ վերցնեն՝ մետրոյի կայարան կառուցելու համար։ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը դարձրել են իրենց մանկության երազանքը։ Վեց տարի է, դրա մասին են խոսում, բայց գործը տեղից չի շարժվում։ Լավագույն դեպքում ևս երկու տարի պետք կլինի, որպեսզի հասնեն շինարարության փուլի մեկնարկին։

Թե դեռ ինչքան էլ կարող է տևել շինարարությունը, դա էլ մեկ այլ խնդիր է։

Ժամանակին խոստանում էին չորս տարում ավարտել կայարանի կառուցումը, հիմա ասում են՝ աշխատանքները կարող են ձգվել մինչև 2032թ.։

Այնպես որ, մոտակա տարիներին անիմաստ է սպասել, որ Երևանի մետրոն «Աջափնյակ» կայարան կունենա։ Ունենալու դեպքում էլ, հարց է, թե ինչ խնդիր կարող է լուծել։ Մեծ ակնկալիքներ չկան դրա՝ ինչպես ընդհանրապես կառուցման, այնպես էլ՝ արդյունավետության հետ կապված։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս