Բաժիններ՝

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Մոսկվա կատարելիք իր հնարավոր այցի մասին լուրերի ֆոնին, Կիև կատարած այցից հետո չի հրապարակել տեղեկատվություն հաջորդ այցելությունների և Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը նպաստող քայլերի մասին՝ այն անվանելով նուրբ հարց:

Օրբանը Կիև այցելեց հուլիսի 2-ին։ Տասներկու տարվա մեջ դա նրա առաջին այցն էր Ուկրաինա։ Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով նախագահում է Եվրամիության Խորհրդում։

«Ես կարող եմ հայտարարել յուրաքանչյուր քայլի մասին միայն այն ժամանակ, երբ տեղի ունենա հաջորդ քայլը, քանի որ դա նուրբ և զգայուն հարց է»,- ասել է Օրբանը:

Ավելի վաղ հունգարական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օրբանը և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ուրբաթ օրը կայցելեն Մոսկվա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հագեցած գրաֆիկ ունի, որի մասին Կրեմլը կտեղեկացնի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում Հունգարիայի վարչապետն ասել է, որ խնդրել է նրան դիտարկել հրադադարի հնարավորությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններից առաջ։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Իգոր Ժովկվան ասել էր, որ Կիևը կձգտի հակամարտությունը լուծել այլ մեթոդներով։ Օրբանը նաև նշել էր, որ Ուկրաինայում խաղաղության հարցը լինելու է գլխավոր հարցը ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության առաջիկա վեց ամիսների ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս