
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ

Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և պատրաստ է հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Վադիմ Լուկաշևիչը։
«Հատուկ գործողությունների ուժերի մեր ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում սահմանապահ ծառայության մարմինների հետ համատեղ։ Նրանց խնդիրն է իրականացնել որոնողական գործողություններ, իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման դեպքում` արգելափակել և ոչնչացնել դրանք։ Բացի այդ, զինծառայողները ծառայություն են իրականացնում անցակետերում, պաշտպանում են հրթիռային զորքերն ու հրետանային ստորաբաժանումները, պատրաստ են արագ արձագանքման», – ասել է Լուկաշևիչը։
Նա վստահեցրել է, որ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի, պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Բելառուսի Հանրապետության բնակչությունը կարող է վստահ լինել, որ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները կանեն հնարավորը և նույնիսկ անհնարինը Բելառուսի Հանրապետությունը պաշտպանելու համար», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Լուկաշևիչը հայտարարել էր, որ չնայած հսկայական կորուստներին և տեխնիկայի պակասին` Ուկրաինայի զինված ուժերը մեծ թվով անձնակազմ են տեղափոխել դեպի Բելառուսի սահմաններ: Բացի այդ, Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ։