Բաժիններ՝

«Կապիտալ բիլդը» թերություններով է կառուցել շենքը, բնակիչները ամռան շոգին մնացել են առանց ջրի․ Mediahub

Դավիթաշեն 1-ին թաղամասի 11/2 շենքի բնակիչներն ամառվա տապին ջուր չունենալու լրջագույն խնդրի առջև են կանգնել։ Պատճառը, ըստ նրանց, կառուցապատողի անբարեխիղճ և անպատասխանատու մոտեցումն է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը նորակառույց շենքի բնակիչներին բաժանորդ չի դարձնում և ամառվա տապին անջատում է ամբողջ շենքի ջրամատակարարումը։

Կառուցապատողը «Կապիտալ բիլդ» ընկերությունն է, որը խախտումներով է կառուցել շենքը, ինչի համար էլ «Վեոլիա ջուրը» շենքի բնակիչներին ջրի բաժանորդ չի դարձնում։ Ասում է՝ թող կառուցապատողը խախտումները վերացնի, որ բնակիչներն էլ օրինական ճանապարհով ջրի բաժանորդ դառնան։ Արդյունքում ամբողջ շենքի համար կա ընդամենը մեկ բաժանորդ՝ «Կապիտալ բիլդ» ընկերությունը, որը դեռ կառուցապատման փուլում էր հասցրել դառնալ բաժանորդ, սակայն այս ամիսներին խոշոր պարտքեր է կուտակել, և «Վեոլիա ջուրը» պարբերաբար գալիս և անջատում է «Կապիտալ բիլդի» և, ըստ այդմ, ամբողջ շենքի ջուրը։

Շենքի բնակիչներից MediaHub-ին պատմեցին, որ իրենք բնակիչներով ամեն մեկը իր հաշվին հաշվիչներ է բերել տեղադրել, որոնք սերտիֆիկացված չեն անգամ, և այդ հաշվիչների գրանցած ցուցմունքներով ամեն ամիս իրենց ծախսած ջրին համարժեք գումարը տվել են կառուցապատողին։ Բայց ոչ բոլորն են վճարել այդ գումարը։

«Մեկը տվել է, մյուսը չի տվել, մարդ կա՝ ասում է՝ «ես ջրի մատակարարման պայմանագիր չունեմ, ո՞վ ես դու, որ քեզ փող տամ», էն երրորդը տալիս է, մեկ ուրիշը ուշացնում է, ու էդպես՝ ամեն ամիս «Վեոլիան» գալիս ասում է՝ պարտք ունեք, ու անջատում է շենքի ջուրը»,-մեզ հետ զրույցում պատմեց շենքի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ իրենք դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որ դառնան բաժանորդ, բայց ընկերությունից գրավոր տեղեկացրել են, որ քանի որ կառուցապատողը շենքը թերություններով է կառուցել՝ դիտահորերի կափարիչները չեն համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթում եղածին, ջրատարը միացված է կոյուղուն և այլն, դրա համար իրենք չեն կարող շենքի բնակիչներին դարձնել բաժանորդ, մինչև կառուցապատողը չշտկի այդ թերությունները։

«Կառուցապատողին էլ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինքը շենքը չգիտեմ ոնց ա հանձնել, ավարտական ակտը չգիտեմ՝ ոնց ա ստացել, քաղաքապետարանից էլ եմ ճշտել, էնտեղից ասում են՝ չէր կարող ստանալ, բայց փաստը այն է, որ տարիուկես է՝ էնտեղ ապրում ենք։ Հիմա էսօր եկել ջուրը անջատել են՝ էս ամառվա շոգին թողնելով առանց ջրի»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիմա պարտքը մոտ 700 հազար դրամ է կազմում, բացի դրանից, պոմպակայանն էլ է խնդիրներով կառուցված, և դրա պատճառով 24 ժամ ջրի արտահոսք է լինում, ինչն իր հերթին լրացուցիչ պարտք է առաջացնում։ Եւ հարց է, թե պոմպակայանի թերի կառուցման հետևանքով անիմաստ հոսող ջրի փողը ո՞վ պետք է տա։

Իսկ դիմե՞լ են կառուցապատողին, ի՞նչ է ասում։ Շենքի բնակիչներն ասացին՝ դիմել են «Կապիտալ բիլդի» ղեկավարությանը, սակայն ամեն անգամ փափուկ բարձ են դրել բնակիչների գլխի տակ, թե՝ մի շաբաթից կանեն, երկու շաբաթից կանեն, ու մինչ օրս խնդիրը չեն լուծել։

MediaHub-ը կապ հաստատեց նաև «Կապիտալ բիլդ» ընկերության տնօրեն Արման Գյոդակչյանի հետ։ Վերջինս ինչ-որ պատմություն պատմեց, թե պոմպակայանը իրենք հանձնել են Ջրային կառավարման կոմիտեին, հիմա խնդիրը Կոմիտեի տիրույթում է, հետո ասաց՝ շենքի սպասարկող կա, պետք է իրեն դիմենք՝ Վահան անունով տղա է, վերջում էլ մեղքը բարդեց շենքի բնակիչների և Ջրային կառավարման կոմիտեի վրա։ Իսկ այն, որ իրենք շենքի ջրատար համակարգը թերություններով են կառուցել, և այդ պատճառով էլ «Վեոլիա ջուրը» բնակիչներին բաժանորդ չի դարձնում մինչ օրս, «Կապիտալ բիլդի» տնօրենն ասաց, թե ինքը դրանից, իբրև թե, տեղյակ չէ։

«Ես էդ հարցով գնացել եմ «Վեոլիա ջուր», պարզել եմ, սաղ արել եմ, էնտեղ ինչ-որ դիմում են ուզել, որ պիտի գան դիմում գրեն, որը չեն գնացել գրել, կարճ ասած՝ էդ տղան (ինչ-որ Վահան) զբաղվում ա արդեն էդ հարցով․․․ Էդ որ «Վեոլիա ջուրը» ինչ-որ պատասխան ա գրել, չգիտեմ՝ ինչ ա գրել, բայց «Վեոլիա ջուրը» ընդունել ա, եթե պատասխան ա գրել, ո՞նց ա ինքը գրել՝ չգիտեմ։ Ընդամենը պետք ա էդ բնակիչները անձնագրերի պատճեններն ու վկայականների պատճենները տանեն, որ դիմում գրեն ու բաժանորդ դառնան»,-ասաց «Կապիտալ բիլդի» տնօրենը։

Հարցին՝ այս ամիսներին, իր կարծիքով, շենքի բնակիչները չե՞ն փորձել բաժանորդ դառնալ, որ հիմա պիտի դառնան, տնօրենն ասաց․

«Դե, կարող ա ընթացք չեն տվել, էլի, կամ արել են՝ չեն հետևել գործին, պետք ա գնան, հետևեն»։

Հետո ինչ-որ խառը, անհասկանալի մտքեր հայտնեց, որից չի հասկացվում՝ ով ում ինչ հարցով է դիմել․ «Էսօր թազա ինֆորմացիա կա՝ գնացել դիմել են, էնտեղ ինչ-որ թերի ա եղել,նորից են ուզել էդ փաստաթղթերի ցանկը, լավ ա՝ էդ տղայի մոտ, ով որ սպասարկում ա, եղել ա, տվել ա, խնդրել են, ասել են՝ էդ հարցով մենք կզբաղվենք, իրան կզանգեն, կզգուշացնեն։ Որ խնդրեմ՝ կզանգե՞ք էդ սպասարկող ընկերությանը, ասեք՝ էդ բնակիչը, որ Ձեզ տվել ա, Վահան անունով տղա է, մի հատ զանգեք իրան»։

Հետո Արման Գյոդակչյանը սկսեց մեզ համոզել, որ նորմալ է, որ շենքի բնակիչները առանձին բաժանորդ չեն դառնում, և գումարը հավաքում կառուցապատողին են տալիս՝ միջնորդավորված ձևով։ Մի խոսքով, երբ բացատրեցինք, որ տրամաբանական չէ, որ շենքի բնակիչները առանձին բաժանորդ դառնալու փոխարեն միջնորդավորված ձևով վճարեն իրենց կոմունալ սպասարկման վճարները, իսկ կոնկրետ այս շենքի պարագայում առանձին բաժանորդ չեն դառնում, որովհետև կառուցապատողը թերություններով է կառուցել շենքը, «Կապիտալ բիլդի» տնօրենը նախ ասաց․

«Կզբաղվենք այս հարցով․․․ ինձ չեն ասել՝ թերություն, մերություն, չեմ հասկանում՝ էդ ինչ ա, ես հեսա կփորձեմ պարզել»։
Ապա ավելացրեց․ «Արեք սենց անենք՝ ես Ձեր համարը կփոխանցեմ, իրավաբանները Ձեզ կզանգեն»։

Այսքանով ավարտվեց մեր զրույցը, իսկ խնդիրը մնաց նորից օդում կախված, որովհետև ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել առաջացած խնդիրների հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս