
Հայաստանն ուզում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ռուս զինվորականներն աստիճանաբար լքում են ՀՀ-ն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, երկրից աստիճանաբար դուրս են գալիս ռուս զինվորականները։ Այս մասին, ըստ լատվիական Rus.LSM-ի՝ ասել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Դայգա Միերինան՝ փոխանցելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը։
«Մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գտնվում է ԵՄ մտնելու ճանապարհին։ Եվ դա է պատճառը, որ ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որը ղեկավարում է Ռուսաստանը։ Բացի այդ, Հայաստանը մեզ տեղեկացրել է, որ ռուսաստանցի զինվորականները կամաց-կամաց լքում են երկիրը»,- փոխանցել է Ալեն Սիմոնյանի հետ իրենց առանձնազրույցի մանրամասները նրա լատվիացի գործընկերը։
Իր հերթին Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցածը շատ նման է ուկրաինական իրադարձություններին։
«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Գործող անձինք պարզապես մի փոքր տարբեր են: Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ. Մեզ միայն Ադրբեջանի կառավարության ցանկությունն է պետք՝ խաղաղություն հաստատելու։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է նա։