ՌԴ քաղաքացիություն ստացած մոտ 10.000 միգրանտներ ուղարկվել են հատուկ ռազմական գործողության գոտի. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ
Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Երբ գործատուն միգրանտներին աշխատանքի է ընդունում, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Կարծում եմ` ամենակարևորը Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոխելն է, այդ փոփոխությունը հիմնավորելը և նույնիսկ այնպես անելը, որ ներքին ռեսուրսները լուծեն իրենց քաղաքական, տնտեսական, ազգային և այլ խնդիրները»,- ասել է նա Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում:
Բաստրիկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են հատուկ ռազմական գործողության գոտի։
Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի. ամեն ինչ հանգում է մեկ պարզ հարցի` բերեք, որքան կարող եք։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ օտարերկրացիները Ռուսաստան են ժամանում իրենց մշակույթով ու ավանդույթներով, ու չեն ցանկանում հարմարվել։ Կլիշասի խոսքով` տվյալ իրավիճակում հիմնախնդրի լուծումը համապատասխան պայմանների և կանոնների ստեղծումն է, որոնք կստիպեն միգրանտներին հարմարվել այն պայմաններին, որոնք կան ՌԴ-ում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումը տեղի է ունենում Հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 26-28 -ը, հիմնական թեման իրավունքն է՝ որպես գլոբալ հավասարակշռության հիմք: Համաժողովը համախմբել է տարբեր երկրների առաջատար իրավագետների, քաղաքական գործիչների, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: