
Ալեն Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետ

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են, այդ պատճառով էլ մեզ աջակցություն է պետք՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ: Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում:
«Մեզ անհրաժեշտ է աջակցություն երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանա խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար»,- ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանն ասել է, որ օրերս ՀՀ օրենսդիր մարմնում քննարկում է անցկացվել ԵՄ անդամ դառնալու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում մի օր կունենանք այդ հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել է Ալեն Սիմոնյանը։