
Կառավարությունը «World Trade Center» ցանցի ներդրողներին Երևանի կենտրոնում տարածք կփոխանցի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց «World Trade Center» ցանցի ներդրողներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող գլխավոր փոստի շենքի հարակից տարածքը:
Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել սեփականաշնորհման մասին որոշմանը` նույն ներդրողներին գլխավոր փոստի բուն շենքը, այժմ նաև հետնամասում՝ Սարյան և Պարոնյան փողոցների միջև գտնվող 13,2 հազար քմ մակերեսով հողամասը ևս հանձնել:
Այժմ գլխավոր փոստի շենքում է գտնվում Հայաստանի փոստային ազգային օպերատոր «ՀայՓոստը»: Ավելի վաղ սեփականաշնորհման համար կառավարությունն այս շենքը գնահատել էր 10 մլրդ 949 մլն դրամ, այսինքն՝ մոտ 28 մլն դոլար, որի կեսը ներդրողը մուծելու է, ևս 30,18 տոկոսը փոխանցվելու է «ՀայՓոստին», 19,82 տոկոսը մնալու է ՀՀ կառավարությանը:
Նոր կենտրոնը կդառնա «World Trade Centers Association» ցանցի մի մասը, որն առկա է աշխարհի շուրջ 100 երկրներում: Բիզնես կենտրոնների այս ցանցը օգնում է կապեր հաստատել բիզնես գործընկերների և ներդրողների հետ: