Բայրամովը Իտալիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջազգային և տարածաշրջանային հարցեր։

Ըստ Բաքվի՝ Բայրամովն ու Չիրիելին անդրադարձել են նաև պաշտպանական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում բազմակողմ ռազմավարական գործընկերության հեռանկարներին։

Շեշտելով իտալական արտադրության C-27J Spartan մակնիշի ռազմատրանսպորտային օդանավի կարևորությունը, որ երեկ Հռոմը փոխանցեց Բաքվին՝ կողմերն ընդգծել են՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։

Երեկ Բաքվում, Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրուզետոյի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Բաքուն և Հռոմը հարաբերությունների նոր էջ են բացում՝ շեշտելով՝ այժմ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։

Տեսանյութեր

Լրահոս