Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ
Երկիր մոլորակի չափահաս բնակիչների գրեթե մեկ երրորդը կամ 1,8 միլիարդ մարդ ենթարկվում է սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների մեծ ռիսկի, քանի որ չի կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները կանոնավոր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ: Այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։
2022 թվականի վիճակագրության համաձայն՝ «աշխարհում չափահաս մարդկանց գրեթե մեկ երրորդը (31%-ը), այսինքն՝ մոտավորապես 1,8 միլիարդը, չի պահպանել ֆիզիկական ակտիվության առաջարկված մակարդակները։ Փորձագետներն անհանգստացած են, որ «մեծահասակների շրջանում ֆիզիկական ակտիվության բացակայության միտումը 2010-ից մինչև 2022 թվականը մոտ հինգ տոկոսային կետով աճել է»։
«Եթե այս միտումը պահպանվի, ապա, ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը սակավաշարժ ապրելակերպի մակարդակը կաճի մինչև 35 տոկոս», – արձանագրել է ԱՀԿ-ն՝ հիշեցնելով, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ կամ 75 րոպե բարձր ինտենսիվության ծանրաբեռնություններ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ընդգծել են մասնագետները, մեծացնում է ինֆարկտների, ինսուլտների, երկրորդ տիպի շաքարախտի, դեմենցիայի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։
Զեկույցում ասվում է, որ անբավարար ֆիզիկական ակտիվությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց (34%), քան տղամարդկանց (29%) շրջանում։ Որոշ երկրներում այդ տարբերությունը հասնում է 20 տոկոսային կետի։ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի քիչ են ակտիվ, քան մյուս տարիքային խմբերը, ինչն «ընդգծում է տարեց մարդկանց շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման կարևորությունը», – արձանագրել են ԱՀԿ-ում: