Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք», – ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ – «Պետք է նաև հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։

ՌԴ փոխվարչապետը միաժամանակ հավաստիացրել է, թե Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։

Տեսանյութեր

Լրահոս