
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների քրեական գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան:
Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ըստ ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության, Ստեփանակերտում (հաղորդագրույունում՝ Խանքենդի), ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նրա խոսքով, 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։ Ձերբակալվածների թվում են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և բարձրաստիճան նախկին զինծառայողներ:
«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը:
Արցախի նախկին պաշտոնյաներն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել 2023-ի սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում: