Եվրամիության դռները կփակվեն. Բորելը սպառնացել է Վրաստանին

Եվրամիության դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի իշխանությունը շարունակի իր քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին և ԼԳԲՏ քարոզչության արգելքին։

«Վրաստանի ժողովրդի համար դեպի ԵՄ ճանապարհը բաց է։ Եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ ճանապարհը կփակվի… Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն ընդունել, խոսքը հնարավոր միջոցների շուրջ քննարկումների մասին է…», – ասել է նա Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ:

Միջոցառումներից մեկը, ըստ պաշտոնյայի, կարող է դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամից տրվող ֆինանսական աջակցության կրճատումը:

Բրյուսելը կարող է նաև դադարեցնել կամ սահմանափակել բարձր մակարդակով շփումները։

Միևնույն ժամանակ Բորելը նշել է, որ նման միջոցառումները չպետք է ազդեն բնակչության վրա:

Ըստ ԵՄ արտաքին կապերի ծառայության 2021թ. հաղորդագրության՝ Վրաստանի պաշտպանության ուժերը 3 տարվա ընթացքում 12,75 մլն եվրո ֆինանսական օգնություն էին ստանալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից», ինչն ընդլայնելու էր նրանց հնարավորությունները, այդ թվում՝ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում բնակչությանը ծառայություններ մատուցելու կարողությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն նաև ձգտում է ամրապնդել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական զինված ուժերի հնարավորություններն ու օպերատիվ համատեղելիությունը:

Նշվում էր, որ օգնության շրջանակներում Մոլդովան կստանա 7 միլիոն եվրո, իսկ Ուկրաինան՝ 31 միլիոն:

Կիևն էլ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ սկսել էր երկու ռազմածովային բազայի կառուցումը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ընդգծել էր, որ նավատորմի զարգացումը պաշտպանության նախարարության առաջնահերթություններից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս