Նկատողություն տալու նպատակով ՀՀ դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է հրեական պետության արտգործնախարարություն։ Տեղեկությունը հայտնում է The times of Israel-ը:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման հայտարարությունից հետո։
Դեսպանին կանչել են նկատողություն տալու և զրուցելու նպատակով։
«Հայաստանի կողմից պաղեստինյան պետության ճանաչման հետևանքով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտարարելու համար»,– ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 21-ին հայտարարություն տարածեց` հայտնելով, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Նշվել էր, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի` կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է։
Հայտարարությունում նաև ընդգծվել էր` ՀՀ–ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը։ Հայաստանը նաև միանում է միջազգային հանրության` նրանց առանց նախապայմանների ազատ արձակման պահանջներին:
Նշենք նաև, որ Արման Հակոբյանն Իսրայելի Պետութունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։